«Իրան և Կովկաս» միջազգային գրախոսվող պարբերականի 15-ամյակը

| June 15, 2011

 

2011թ. լրանում է «Իրան և Կովկաս» միջազգային գրախոսվող արևելագիտական պարբերականի 15-ամյակը (Iran and the Caucasus, ed. by Garnik S. Asatrian, Brill Academic Publishers, Leiden-Boston)։

Iran and the Caucasus  – ը հրատարակվում է համաշխարհային ամենահեղինակավոր և ամենահին արևելագիտական հրատարակչություններից մեկի՝ ԲՐԻԼԼ-ի (Brill Academic Publishers, Leiden-Boston) կողմից (տես՝ www.brill.nl/ic)։

«Իրան և Կովկաս»  հանդեսը հիմնադրել և մինչ օրս խմբագրում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն, պրոֆ. Գառնիկ Ասատրյանը, իսկ հանդեսի խմբագրական խորհուրդն ընդգրկում է համաշխարհային արևելագիտության առավել հայտնի ներկայացուցիչներին՝ ինչպես իրանագիտության, այնպես էլ կովկասագիտության, թյուրքագիտության, սեմագիտության և հնդկագիտության բնագավառներից֊։

Iran and the Caucasus  – ը հայաստանյան ծագում ունեցող միակ հասարակագիտական պարբերականն է, որ ունի ազդեցության գործակից (Impact Factor -http://www.scimagojr.com/journalsearch.php?q=16800154734&tip=sid&clean=0) և հաշվառված ու ինդեքսավորված է Arts and Humanities Citation Index, Index Islamicus, International Bibliography of the Social Sciences, Linguistic Bibliography և Scopus գիտական ցանցերում ու պահոցներում։ Պարբերականի հոդվածները վճարովի հիմունքներով կարելի է ձեռք բերել http://www.ingentaconnect.com/content/brill/ic ինչպես նաև 1997-2005 թվականների հոդվածները JSTOR-ից և 2001-2010 թվականների հոդվածները EBSCOHOST-ից։

Ներկայումս Iran and the Caucasus -ը արևելագիտական ամենահեղինակավոր և առավել հստակ պարբերականությամբ հրատարակվող ակադեմիական հանդեսն է աշխարհում։

2011թ. հուլիսի 1-2-ը Երևանում անց է կացվելու միջազգային գիտական համաժողով՝ նվիրված «Իրան և Կովկաս» պարբերականի 15-ամյակին, որի կազմակերպիչներն են ԲՐԻԼԼ ակադեմիական հրատարակչությունը, «Իրանագիտության կովկասյան կենտրոնը» և «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ԱՐՄԱԿԱԴ ասոցիացիան»։ Այս գիտական միջոցառմանը մասնակցելու են մոտ 15 երկրներից ավելի քան 60 գիտնականներ։ Համաժողովի գործընկերներն են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» և Երևանի «Անի» հյուրանոցը։